ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը կրիպտոակտիվների վերաբերյալ

Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում են ստացել կրիպտոարժույթները (օրինակ՝ Բիթքոին, Էթերիում և այլն), որոնք գտնվում են հասարակության, տնտեսվարող սուբյեկտների, լրատվամիջոցների, ինչպես նաև կարգավորող մարմինների և միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:
ՀՀ կենտրոնական բանկը ուշադիր հետևում է «կրիպտոարժույթների» ոլորտի զարգացումներին և, վերլուծելով  միջազգային փորձը և ուսումնասիրությունները,  հարկ է համարում զգուշացնել, որ անկախ տեսակից, տարածվածությունից և այլ բնութագրերից՝ «կրիպտոարժույթներն» ու դրանցով կատարվող գործարքները բարձր ռիսկային են հետևյալ պատճառներով.
·         «կրիպտոարժույթները» զուրկ են ապահովվածությունից և խիստ անկայուն են,
·         «կրիպտոարժույթների» կիրառությամբ սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ,
·         «կրիպտոարժույթներով» գործարքները հաճախ կարող են մաս կազմել փողերի լվացման և ահաբեկչությանֆինանսավորման սխեմաներիքանի որ հնարավորություն են տալիս կատարել անանուն և անդրսահմանային գործարքներ, որոնց վերադարձը հնարավոր չէ ապահովել,
·         խարդախության, տեղեկատվական անվտանգության խաթարմանն ուղղված հանցագործությունների դեպքերում բացակայում են հաճախորդների օրինական շահերի պաշտպանության ապահովման կամ վերջիններիս կրած վնասի փոխհատուցման իրավական մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են ոտնահարվել սպառողների շահերը:
«Կրիպտոարժույթները» առաջին հայացքից կարող են շատ գրավիչ թվալ, սակայն, հաշվի առնելով այն, որ հանրության շահերը այս դեպքում բացարձակ պաշտպանված չեն, կրիպտոարժույթներում ներդրումների կամ դրանցով գործարքների իրականացման արդյունքում անձինք կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ կամ կորցնել իրենց ներդրումներն ամբողջությամբ՝ «կրիպտոարժույթների» գնի բարձր տատանողականության, ցանցահենային հարձակումների և վերոնշված այլ ռիսկերի առկայության պատճառով:
Միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Համաշխարհային Բանկը, ինչպես նաև ֆինանսական ոլորտը կարգավորող այլ հեղինակավոր կառույցներ, նույնպես իրենց դիրքորոշումն են արտահայտել կրիպտոարժույթների վերաբերյալ և հանդես են եկել մի շարք նախազգուշացնող հայտարարություններով, համաձայն որի, կրիպտոարժույթները դիտարկվել են որպես կրիպտոակտիվներ, քանի որ չունեն այն բոլոր հատկանիշները, որոնք թույլ կտային դրանց դասել արժույթների շարքում (այս դեպքում արժույթ եզրույթը չի համապատասխանում իր բովանդակությանը) և օգտագործել իբրև վճարամիջոց, և դրանց կիրառումը, որոշակի պահից սկսած, կարող է ազդել նաև ֆինանսական կայունության վրա։ Բացի այդ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններըկրիպտոակտիվներում ներդրումների կատարման որոշ սխեմաներ համեմատում են ֆինանսական բուրգերի հետ, որոնց դեպքում ներդրողների իրավունքները ոչնչով ապահովված չեն, և ներդրողները կարող են կորցնել իրենց ներդրումներն ամբողջությամբ:
 Ուշագրավ է հատկապես G-20 երկրների վերջերս Արգենտինայում կայացած համաժողովում  կրիպտոակտիվների վերաբերյալ ընդունված հայտարարությունը: Համաժողովի մասնակիցները ողջունել են տեխնոլոգիական նորամուծությունները, սակայն նշել կրիպտոակտիվների կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ՝ հաճախորդների և ներդրողների իրավունքների և շահերի պաշտպանության, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված: G20 կողմից կոչ է արվել միջազգային ստանդարտներ մշակող  կազմակերպություններին շարունակել կրիպտոակտիվների և դրանց հետ կապված ռիսկերի մշտադիտարկումը իրենց լիազորությունների շրջանակներում՝ անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքելու նպատակով։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է հավատարիմ մնալ կրիպտոակտիվների նկատմամբ այն դիրքորոշմանը, որը համահունչ է վերոնշյալ հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների մոտեցումներին:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է էական ռիսկերի մասին և հորդորում է հասարակությանը, այդ թվում նաև՝ տնտեսվարող սուբյեկտներին, զերծ մնալ «կրիպտոակտիվների» փոխանակման և (կամ) առուվաճառքի, «կրիպտոակտիվներով» վճարումների ընդունման, «կրիպտոակտիվներով» ներդրումների իրականացման կամ այլ գործարքների իրականացումից:
Վերոգրյալը չի վերաբերում «կրիպտոակտիվների» ստեղծմանը և արդյունահանմանը՝ «մայնինգ»-ին, ինչը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության լիազորություններից դուրս և դիտարկվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդյունաբերություն:www.cba.am

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԱԱ-2018․ Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Բրազիլիայի հավաքականի կազմը ԱԱ-2018